Հնարավո՞ր է` Աստանայում որևէ փաստաթուղթ ստորագրվի: Հնարավոր է: Բայց այն մինիմում լինելու է ոչ ավելին, քան դեկլարացիա: Մաքսիմում` ինչ-որ «քարտեզ», որը ոչ մի կերպ ու երբեք չի «աշխատի»: Այլ կերպ ասած` հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» նման մի բան, բայց մի տասն աստիճանով իջեցված:
Նախ` ճշտենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն Աստանայից առաջ: ԵՄ-ի մասին կարելի է ընդամենը դատել «Եվրոնյուզի» ռեպորտաժից, ինչն էլ, խոշոր հաշվով, քաղաքական կատեգորիա չէ («Եվրոնյուզը» մեկ տողով ներկայացնում էր ընդդիմության միտինգը` Հայաստան-ԵՄ սեմինարի ֆոնին):
ԵՄ դեպքում կա ընդամենը մեկ հետաքրքիր հանգամանք, որն այս պահին դեռ «չի աշխատում». տեղեկատվություն է տարածվել, որ Սարկոզին այցելելու է Ադրբեջան: Ե՞րբ, ինչո՞ւ` ոչինչ չի ասվում: ՈՒ թե հիշենք նրա` 2008-ի օգոստոսի բլիցկրիգյան այցը Ռուսաստան և Վրաստան, ապա կարելի է կարծել, որ Ադրբեջան այցի դեպքում որոշակի և լուրջ առաքելություն նույնպես դրված կլինի «կենսաթոշակային պայքարից» է՛լ ավելի փխրուն դարձած նրա ուսերին, բայց քանի որ որևէ ստույգ բան այցի վերաբերյալ չկա, խաղը ԵՄ առումով և առայժմ անփոփոխ է:
Դառնալով այս պարտիայում ամենաշահագրգիռ խաղացողին` Միացյալ Նահանգներին, որն էլ ամենաշատն է ցանկանում Աստանայից ստանալ քարտեզ, պետք է ասել, որ վերջինս, եթե անգամ առաջ չի գնում բազմաբարդ կոնֆիգուրացիաներով, ապա հաստատապես փորձված մեթոդոլոգիայից էլ չի հրաժարվում ու կիրառում է դասական` «բլիթ-մտրակի» համադրումը: Ընդ որում, Նահանգներն այն կիրառում է հակամարտող երկու երկրների հանդեպ միաժամանակ, ինչն էլ ապացույց է, որ խոր տագնապ ունի Աստանայում սպասվող փաստաթղթի դրական ելքի առնչությամբ:
Երկու երկրների նկատմամբ կիրառվող ամերիկյան քաղտեխնոլոգիայի համադրումից ստացվում է հետևյալ պատկերը. եթե ելնենք «փաստահավաք առաքելության», այն է` բուն փաստերի դիրքերից, ապա Հայաստանի մասով ուղղակի ոչինչ չկա, որպես «մտրակի» գործածության օրինակ: Ամեն բան խիստ անուղղակի է, եթե չասենք` «կեղտոտ»: Հեռավոր մաֆիոզական, ուրանային, «այլային» տարրեր, որոնք նաև հերքման ռեժիմ ունեն. հերքվում են «հանճարեղ» Բայդենի «յութուբյան» արտաբերումները (հետաքրքիր է` Պետդեպն ու նրա ներկայացուցիչները հերքե՞լ են Բայդենի ամենահանճարեղ ասույթը. «Օբաման առաջին աֆրոամերիկացին է, որ լավ է խոսում ու մաքուր է»), հերքվեց մալայզիական «հայտարարությունը»:
Չի բացառվում, որ մինչև դեկտեմբերի սկիզբ Աստանայի գագաթնաժողով արտահոսք-հերքում ռեժիմը դեռ գործի` նորանոր «շիֆրովկաներ-ռասշիֆրովկաներ» տարածելով:
Բոլոր դեպքերում ու այդ ամենի խորխորատները չմտնելով, կարող ենք աներկբա արձանագրել. ինչի համար դրանք արտահոսվում են, այն է` զիջումներ պոկել Աստանայում հատկապես հայկական կողմից, չեն ծառայում իրենց նպատակին, այդ «շիֆրերը» չեն ճնշելու հայկական կողմին այնքան, որ վերջինս ստորագրի փաստաթուղթ, ուր ֆիքսված չեն լինի հայկական կողմի երեք պահանջները, առավելաբար` ինքնորոշման դրույթը: ՈՒ թե նման դրույթի տակ ստորագրի Ադրբեջանը, դա հաղթանակ է ու հաղթանակ հայկական կողմի համար:
Սա, անկեղծ ասած, հեքիաթների շարքից է։ Հակամարտող կողմերի միջև փոխանակվող «պոլեմիկան» խիստ հատու և հստակ արձանագրում է. կողմերը (չենք երկնչում նույնիսկ կարծելուց), մասամբ լուռ պայմանավորվածությամբ, ազդանշաններ են ուղարկում աշխարհի քաղաքական կենտրոններին, համանախագահող երկրների խաղացողներին, որ նրանց սպասումները, որևէ «ճանապարհային քարտեզի» և աշխատող պայմանագրի առնչությամբ, խիստ ապարդյուն են:
Ընդ որում, կողմերի «պոլեմիկան» հետաքրքիր շատ այլ իրողություններ էլ է արձանագրում:
ա) Եթե նախկինում հակամարտության գոտում դիվերսիաներ էին իրականացվում Ադրբեջանի կողմից, ապա հիմա Ալիև-պուճուրն Աստրախանից հետո խելոքանում, կանգնում է սպանված դիվերսանտի դիակի կողքին ու մտքով անցածն արտազատում: Ընդհուպ այն, որ արդեն փոշմանել է ու, Ղարաբաղի վրա հարձակվելուն զուգահեռ, համ էլ որոշել է Հայաստանի վրա մի քիչ հարձակվել: ՈՒ քանի որ Պուճուրի համար օրը խիստ նշանակալից էր` ընտրություններ էին, ինքն էլ վերարտադրվելու սրբազան երկունքի մեջ էր, չենք հարցնում. «Ալիև Հեյդարի, հնձածդ խոտ չի՞, հարձակմանդ արդյունքը կողքիդ դրած դագաղը չի՞»:
Ի դեպ, մեկ նուրբ հանգամանք էլ նշենք ու անցնենք առաջ. հետաքրքիր զուգադիպությամբ հենց ընտրությունների նախօրյակին երկու դիվերսանտների դիերը հանձնվեցին ադրբեջանական կողմին, որ արդեն բուն ընտրությունների օրը թաղվեն: Իհարկե, կարող ենք ասել, թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, բայց ռիտորիկան այդ մասին չէ: Իր մեռելներն ունենալով իր կողքին` շեշտվում է ընտրությունների գնացող Ալիևի «հզորությունը, անսասանությունը»: Այդ բարի կամքը, ըստ ամենայնի, նախ դրսևորել էր Հայաստանը: Եվ ապա ու հաստատապես` Ռուսաստանը:
Քիչ ներքևում նաև կանդրադառնանք այն խնդրին, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միմյանց ձեռքից խլխլում են Ադրբեջանին սիրաշահելու դափնին, բայց պետք է ասել, որ այդ «լավրը» մնաց Լեբեդևի ձեռքին: ՈՒ քանի կալի վրա ենք, անմիջապես արձանագրենք ԱՊՀ դիտորդների կարապի երգն ու պարը ադրբեջանական ընտրությունների կամրջին: Սույն Լեբեդևը, որն այնքան ու այնպես էր «թռնում» («պերեդոզիրովկան» հաստատ Ադրբեջանում շատ բարձր է եղել, որ վերջինս այդպես էլ, կարծես, չհասցրեց խումհարից դուրս գալ), արտաբերել էր ռուս պաշտոնյաներին ներհատուկ ամենամեծ կազուսներից ամենամեծը. թող աշխարհը (դե, պիտի հասկանալ` նախ և առաջ Միացյալ Նահանգները` յուր Պետդեպով, յուր Քրոուլիով ու նրա տված գնահատականներով) գա-սովորի Ադրբեջանից` ինչպես անցկացնել ընտրություններ:
«Ժելե՛զնո»:
Էստեղ պետք է նաև արձանագրել, որ նա` Լեբեդևը, «թռիչքային պրոպուսկատ» էր նաև թույլ տվել, ասելով` Նախիջևանի և Ադրբեջանի միջև «կամուրջ» բացելու «մասին եմ այլևս մտածում», ինչն էլ շատ վերլուծաբանների մոտ ասոցացվել է Մեղրին տալու երբեմնի պրոյեկտի հետ։ Եվ ուրեմն, սույն Լեբեդևը, կկվի բնի վրայով թռիչքի ժամանակ, փաստորեն, մոռացել էր Լիտվինենկոյին էլ, Հայաստանում իրականացված 1999-ի հոկտեմբերի 27-ն էլ, Ռուսաստանի շահերն էլ: Սպասենք Ռուսաստանի արձագանքին:
Ինչպես և կանխատեսել էինք` երեկ օրվա երկրորդ կեսին Լեբեդևը մի անգամ էլ «թռավ»` հերքելով իր իսկ ասածը։
Ի դեպ, Լեբեդևի գնահատականն ադրբեջանական ընտրություններին ամենախոսուն ապացույցն է այն բանի (թե որքան մեծ է խումհարի դերն այս հարցում, կարևոր չէ), որ նա հաստատապես արտահայտում էր Ռուսաստանի կարծիքը, ինչն էլ հակոտնյա էր ԱՄՆ-ի կարծիքին, ինչն էլ նշանակում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Աստանայի սպասվող զարգացումներում չունեն մշակված միասնական մոտեցում:
Իսկ մենք շարունակենք հակամարտող կողմերի «պոլեմիկայի» առանձնահատկությունների թվարկումը:
բ) Ինչպես նկատել են ռուս փորձագետները, Հայաստանն առաջին անգամ, թե՛ Պնախարար Սեյրան Օհանյանի, թե՛ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի դեմքերով, շատ հուժկու հակազդեցություն հանդես բերեց Ալիևի` «դագաղաթաղության» ժամանակ դրսևորած ռազմատենչ պահվածքին: Ինչը ևս նշանակում է, որ կողմերն իսկապես չեն կարող Աստանայում կնքել որևէ պայմանագիր, համ էլ Մեդվեդևն ասել է` ամեն բան կախված է կողմերից:
Իսկ ի՞նչ վարքագիծ է դրսևորում Միացյալ Նահանգներն այս փուլում: Արդեն ասացինք. երկու կողմերի նկատմամբ էլ «մտրակ ու բլիթ» է բանեցնում: ԱՄՆ-ը հասկանում է, որ լուռ կոնսենսուս կա Հայաստանի, Ադբեջանի և Ռուսաստանի միջև: Երեքն էլ շահագրգիռ են ստատուս քվոյի պահպանմամբ: ՈՒստի հարկ է համարում ասել, որ «իդ պարն ինքը չի պարում», հիշեցնելով, որ չի գնացել էս կողմերից, ու հիշեցումն ամրագրում է Հիլըրիի հարավկովկասյան այցով, ըստ ամենայնի, այցի ընթացքում կայացված փակ պայմանավորվածությունների ու համաձայնությունների կոնտեքստով:
Հետո արդեն «խոդի» է տալիս Վրաստանը: Միացյալ Նահանգները խաղի մեջ է մտցնում Վրաստանին` երկու կետով. Ռուսաստան և Հայաստան հարաբերակցությամբ: ՈՒրանը բերվել է Ռուսաստանից, անցկացվել Հայաստանով, բայց հետաքրքիր է` ինչո՞ւ պետք է գնար Թուրքիա. որպեսզի հաջորդ քայլով էլ պարզվի, որ Իրա՞ն էր «գնում»: Ինչևէ:
«Բլիթ-մլիթի» հերթում է նաև Ադրբեջանը: Պետդեպը, ի տարբերություն հայաստանյան ընտրությունների, ի տարբերություն Հայաստանին ուղղված մեսիջների, որոնք կրում են «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» կոնֆիգուրացիան, ուղիղ` «թամամ» խոսք է ասում Ադրբեջանին (գիտենք` ում են թամամն ասում) և «անբավարար» է նշանակում սույն Ադրբեջանին: Ռուսաստանի հետ խաղալու, ռազմատենչ հայտարարություններ անելու, գազը «Նաբուկոյին» անվերապահ չտրամադրելու, Աստանայում զիջումների չգնալու և այլնի համար։ Հիշենք, որ առաջինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո ահագին ժամանակ անց «մաքուր տղա, լավ խոսող» Օբաման հանդիպեց նաև Ալիևին ու հիշեցրեց ՄԽ եռանախագահող երկրների հայտարարությունը` երեք կետից բաղկացած, զուգահեռ էլ Հեյդարի հետ հանդիպումը «ուղեկցեց» ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին ԱՄՆ-ի Կոնգրեսում «պտտելու» ծիսակարգով:
Այնուհետև ամերիկյան խաղի մեջ են մտնում այնպիսի խոշոր աստղեր, ինչպիսին Մորնինգսթարն է ու էլ բեթար` Բժեզինսկին` «ադրբեջանական» դեսպանի թեկնածու Բրայզայի թեմայով ու պաշտպանությամբ: Սա, ըստ ամենայնի, կարելի է համարել «բլիթների» շարքից` Ադրբեջանի համար: Իսկ իրականում ազդանշան` նույն Ադրբեջանին ու Ռուսաստանին առ այն, որ Ադրբեջանով այսուհետ զբաղվում են քաղաքական և էներգետիկ այնպիսի քրմեր, ինչպիսիք Բժեզինսկին ու Մորնինգսթարն են:
Կարծում եք` Վրաստանով պակա՞ս քրմեր էին զբաղվում։ Եվ ի՞նչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ